Զինվորի տունն իրականացնում է սոցիալական վերաինտեգրման ծրագրեր, որոնց նպատակը շահառուներին ակտիվ կյանք վերադարձնելն է, նրանց կյանքի որակի բարելավումը:
- Պարի ծրագիր
Սոցիալական վերաինտեգրման ծրագրերից է զինհաշմանդամների պարային խմբի ստեղծումը։ Ծրագրին մասնակցում են ստորին վերջույթների ամպուտացիայով շահառուներ, անվասայլակով տեղաշարժվող, ողնուղեղային վնասվածքներ ունեցող զինհաշմանդամներ: Շահառուներին սովորեցնում ենք ժամանակակից և ազգագրական պարեր: Պարի խումբը հաջողությամբ ելույթներ է ունենում տարբեր միջոցառումների ու մրցույթների ժամանակ:
Պրոֆեսիոնալ բեմադրիչի օգնությամբ պարային համարները հարմարեցվում են պրոթեզով և անվասայլակով տեղաշարժվողներին։
Պարային ծրագրի միջոցով լուծվում են հետևյալ խնդիրները․
- Զինհաշմանդամների զբաղվածության ապահովում
- Կյանքի որակի բարձրացում
- Ֆիզիկական ակտիվության ապահովում
- Ազատ ինքնարտահայտման հնարավորության ապահովում
- Սոցիալական վերաինտեգրում:
- Լողի ծրագիր
«Զինվորի տունն» իր շահառուների համար իրականացնում է լողի ծրագիր: Ծրագրին մասնակցում են ստորին և վերին վերջույթների ամպուտացիաներող, ինչպես նաև ողնուղեղային վնասվածքներ ունեցող զինհաշմանդամներ: Ծրագրի շրջանակում ձևավորվել է «Զինվորի տան» ջրագնդակի պարալիմպիկ թիմը, որը հաջողությամբ մասնակցում է ջրագնդակի առաջնություններին:
Լողի ծրագրի նպատակներն են.
- բարձրացնել շահառուների կյանքի որակը, հնարավորություն տալ վարել ակտիվ կենսակերպ՝ նպաստելով նրանց սոցիալական վերաինտեգրմանը
- սպորտի միջոցով նպաստել տղաների առողջության վերականգնմանը
- ձևավորել պրոֆեսիոնալ պարալիմպիկ թիմ՝ ներգրավելով թիմը միջազգային մրցույթներին
- զարգացնել Հայաստանում հաշմանդամային սպորտաձևերը
- ժամանց
«Զինվորի տունը» կազմակերպում է նաև մեր շահառուների ժամանցը, ինչի նպատակը նույնպես տղաների սոցիալական վերաինտեգրումն է: Ծրագրի շրջանակում կազմակերպվում են մշակութային, ճանաչողական, քաղաքային տուրեր, որոնց մասնակցում են «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում ստացիոնար բուժում ստացող շահառուները: Ծրագիրը հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ շահառուների մեծ մասը մարզերի բնակիչներ են և շատ հաճախ չեն ունեցել հնարավորություն՝ լինել մայրաքաղաքի մշակութային կենտրոններում, կինոթատրոններում և այլն: