«Զինվորի տունը» բարեգործական-հասարակական կազմակերպություն է, որն օգնում է զինվորական ծառայության ժամանակ կամ հայրենիքը պաշտպանելիս խեղում, վնասվածք ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց: Զինվորի տունը ստեղծվել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ-ի հիման վրա: ՀԿ-ն ստեղծվել է 2017 թվականին /2014 թվականից գործել է որպես նախաձեռնություն/:
Մեր նպատակն է աջակցել զինծառայության կամ հայրենիքի պաշպանության ժամանակ առողջական խնդիրներ ստացած անձանց բուժմանն և առողջության վերականգնմանը, լուծել նրանց սոցիալական ինտեգրման, կրթական, իրավական, աշխատանքի տեղավորման խնդիրները։
Հասարակական կազմակերպությունը ԵՊԲՀ և ՊՆ հետ համատեղ 2018 թվականին ստեղծել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը: «Զինվորի տունն» առաջատար վերականգնողական կենտրոն է՝ Հայաստանում և տարածաշրջանում՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով և լավագույն մասնագիտական մուլտիդիսցիպլինար թիմով:
Կենտրոնն ամբողջական վերականգնողական համալիր է, որտեղ անվճար վերականգնողական բուժում են ստանում հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած անձինք: Վերականգնողական բուժմանը զուգահեռ վիրավոր զինվորների համար իրականացվում են սոցիալական, կրթական, մշակութային, ժամանցային բազմաթիվ ծրագրեր, լուծվում են տղաների աշխատանքի, սոցիալական վերաինտեգրման խնդիրներ:
Մենք զբաղվում ենք ոչ միայն վիրավոր զինվորների վերականգնողական բուժումով, այլ նաև ուղեկցող բոլոր հիվանդությունների բուժման կազմակերպմամբ, տրամադրում ենք անհրաժեշտ խնամքի և հիգիենայի պարագաներ, դեղորայք, ցանկացած բժշկական խորհրդատվություն, կազմակերպում ենք նեղ մասնագիտական կոնսիլիումներ:
Մինչև օրս, տարբեր ծրագրերով «Զինվորի տունը» սպասարկել է շուրջ 7000 մարդու:
«Զինվորի տանը» մատուցվում են վերականգնողական բուժման մեջ առկա բոլոր ծառայությունները: Մասնագիտական որակավորված թիմն աշխատում է մուլտիդիսցիպլինար սկզբունքով. Թիմի կազմում են վերականգնող բժիշկը, ֆիզիոթերապևտը, ասեղնաբույժը, կինեզոթերապիստը, էրգոթերապիստը, նյարդաբանը, լոգոպեդը, հոգեբանը, հոգեբույժը:
2021 թվականի ապրիլին «Զինվորի տանը» բացվել է ժամանակակից սարքավորումներով հագեցած Պրոթեզավորման կենտրոն, որտեղ պրոթեզավորվել են 2020 թվականի պատերազմի հետևանքով վերին և ստորին վերջույթների ամպուտացիաներ ունեցող տղաները: Զինվորներին տրամադրվել են աշխարհում այս պահին առկա լավագույն պրոթեզները:
2022-ի հունվարին Միքայելյան համալսարանական հիվանդանոցում բացվեց «Զինվորի տան» ինտենսիվ թերապիայի և վերականգնողական բուժման բաժանմունքը: Այն նախատեսված է առավել ծանր վիրավորումներով՝ գանգուղեղային ծանր վնասվածքներ ունեցող զինվորների համար:
«Զինվորի տունն» իրականացնում է սոցիալական աջակցության բազմաթիվ ծրագրեր, նաև ապահովում է զինհաշմանդամների, նրանց ընտանիքների և տարբեր գերատեսչությունների միջև կոմունիկացիան: Տրվում է իրավական խորհրդատվություն: Մեր սոցիալական բաժնի միջոցով զինհաշմանդամների համար իրականացվում են սոցիալական վերաինտեգրման բազմաթիվ ծրագրեր, տալիս ենք նրանց կրթություն, նոր մասնագիտություն, սովորում են արհեստներ, լուծվում են նաև աշխատանքի տեղավորման հարցեր։
Մեր նպատակն է վիրավորման պահից մինչև կյանքի վերջ լինել վիրավոր զինվորի կողքին, դառնալ կապող օղակ՝ վիրավոր զինվորի և պետական գերատեսչությունների, մասնավոր հատվածի միջև և աջակցել բոլոր հարցերում: