Զինհաշմանդամների առողջապահական և սոցիալական խնդիրները լուծելուց հետո նրանց լիարժեք կյանք վերադարձնելու ամենակարևոր բաղադրիչներից մեկը սոցիալական ինտեգրումն է, ինչը հնարավոր է իրականացնել կրթության և եկամտի մշտական աղբյուրի ձևավորման ճանապարհով:
Զինվորի տան կրթական ծրագրերի բաժինն անհատապես աշխատում է յուրաքանչյուր զինվորի հետ: Որակավորված մասնագետի միջոցով շահառուների համար իրականացնում է մասնագիտական կողմնորոշում, որպեսզի մասնագիտության ընտրությունը համապատասխանի շահառուի անձնային որակներին, նախընտրություններին, ինչպես նաև համապատասխանի ֆիզիկական հնարավորություններին, որպեսզի շահառուն հստակ պատկերացնի իրեն հարմար ուղղությունը, ճիշտ գնահատի իր հնարավորությունները և արդյունքում կատարի մասնագիտական ճիշտ ընտրություն:
Որպեսզի վիրավորումից հետո կարողանանք շահառուներին ինտեգրել միջավայրին, յուրաքանչյուր շահառու պետք է ունենա իրեն կցված մենթոր, որը սկզբից մինչև վերջ կհետևի ուսումնական գործընթացին, այնուհետև կգտնի տվյալ շահառուին հարմար աշխատանք:
Կրթական ծրագրի առաջնային փուլում շահառուներն անցնում են բազային կրթական ծրագիր, որում ներառված են անգլերեն, ռուսերեն լեզուները, համակարգչային բազային ծրագրերը, ձեռք են բերում փափուկ հմտություններ /Soft Skills/: Երկրորդ փուլը մասնագիտական խորացված կրթությունն է, որին հաջորդում է շահառուին աշխատանքի տեղավորումը կամ փոքրիկ ձեռնարկատիրական գործունեության մեկնարկը: