«Հայաստան 301»
Ի աջակցություն մեր վիրավոր տղաների, ի բարօրություն մեր հայրենիքի պաշտպանների Զինվորի տունն առաջարկում է միավորվել «Հայաստան 301» ծրագրի շուրջ:
«Հայաստան 301»-ի խորհուրդը միասնականությունն է և համայն հայության և հայ ժողովրդի բարեկամների համախմբումը՝ հանուն մեկ գաղափարի ՝ օգնել, աջակցել, բարեկեցիկ կյանք ու ապագա ապահովել հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած հազարավոր զինվորական հաշմանդամներին:
«Հայաստան 301» դրամահայթայթման ծրագրի խորհրդանիշը Մարտիորս Սարյանի Հայաստան կտավն է: 100 տարի առաջ Սարյանը նկարել է արևշատ Հայաստան՝ որպես ուղերձ՝ դժվարությունների մեջ հայտնված մեր ժողովրդին:
Վերջին տարիներին ամենամեծ դժվարությունները բաժին հասան մեր երիտասարդ զինվորներին: Այժմ նրանց համար արևշատ Հայաստան կերտելու մեր հերթն է:
Ձեռքը պահել վիրավորների, զինհաշմանդամների զարկերակին, թուլ չտալ , որ նրանք միայնակ մնան՝ իրենց առողջական, սոցիալական, հոգեբանական և այլ խնդիրների հետ, ապահովել նրանց լիարժեք վերաինտեգրումը հասարակություն և արժանապատիվ կյանքը: Ինչպես նաև՝
Այս ամենը կյանքի կոչելու համար Զինվորի տունը համախմբում է անհատներին և
կազմակերպություններին:
«Հայաստան 301» ծրագրին միանալ կարող են բոլորը: Ծրագրին միանալու համար անհրաժեշտ նվազագույն գումարը 1000 դրամն է: Վիզուալ հարթակում Հայաստան կտավը մենք բաժանել ենք տասը միլիոն պիքսելի,և յուրաքանչյուր ոք կարող է գունավորել կտավի մեկ պիքսելը՝ նվիրաբերելով 1000 դրամ zinvoritun.am կայքի միջոցով, կամ՝ իրեն հարմար այլ եղանակով:
Հայաստան կտավի գունավորումը հնարավոր է նաև ֆիզիկապես. Զինվորի տանը տեղակայված է կտավի կրկնօրինակը: Այստեղ կտավն ամբողջացնում ենք ապակյա բեկորներով: Այս տարբերակով (ոչ առցանց) ծրագրին միանալ հնարավոր է այն դեպքում, երբ նվիրատվության չափը 1.000.000 և ավելի դրամ է:
Ի դեպ Հայաստան կտավի ապակյա բեկորները հենց տղաներն են պատրաստել՝ իրենց ձեռքով: Զինվորի տունը բեկորների տեղադրման գեղեցիկ և հանդիսավոր արարողակարգ ունի:
Զինվորի տան նպատակը 2023 թվականից սկած տարեկան 100 և ավել գործընկեր կազմակերպությունների ներգրավումն է: Զինվորի տան գործընկեր դառնալու համար անհրաժեշտ է տարեկան 6.000.000 և ավելի ՀՀ դրամ նվիրաբերել: Հավաքագրված գումարը ծախսվելու է ըստ մեր շահառուների առաջնահերթ կարիքների: Տարեվերջին նվիրատուները կստանան ֆինանսական հաշվետվություն, վիզուալ հաշվետվություն, ինչպես նաև միջազգային
անկախ աուդիտորական եզրակացություն: Ամբողջ 2023 թվականի ընթացքում նվիրատվություն արած կազմակերպության անունը և լոգոն փակցված կլինեն Զինվորի տանը, կազմակերպության հետ կկնքվի հուշագիր, ցանկության դեպքում կազմակերպության ներկայացուցիչները շրջայց կունենան Զինվորի տանը և կգունավորեն Հայաստան կտավի՝ իրենց մասնիկը: Մեր գործընկերների այցը կլուսաբանվի Զինվորի տան լրատվական
ծառայության կողմից:
Այն կազմակերպությունները, որոնք կցանկանան ֆինասավորել Զինվորի տան ծրագրերից որևէ մեկն ամբողջությամբ՝ կստանան եռամսյակային հաշվետվություններ, ծրագրի անհատական պարբերական լուսաբանում , ինչպես նաև միջազգային անկախ աուդիտորական եզրակացություն: Խոսքը վերաբերում է հետևյալ դեպքերին,
օրինակ՝ երբ ֆինասավորվում է զինհաշմանդամների հոգեբանական աջակցության կամ սոցիալական վերաինտեգրման կամ առողջապահական ծրագիրը՝ 12 ամիսների համար:
2023 թվականի ընթացքում զինվորի տան ծրագրերի իրականացմանը 100.000.000 և ավելի ՀՀ դրամ նվիրաբերելու դեպքում, կազմակերպությունը/անհատը կդառնա Զինվորի տան բարերար: Թողունակության մեծացմանն ուղղված ծրագրերի շրջանակում բարերար կազմակերպության կամ անհատի անունով կանվանակոչվի համապատասխան կառույցի որևէ հատված, իսկ այլ ծրագրերի մասնակցության դեպքում բարերարի անունը կգրվի Զինվորի տան բարերարներ ցուցատախտակի վրա և միշտ տեսանելի կլինի այցելուների համար: Այս դեպքում կտրվի եռամսյակային հաշվետվություն, միջազգային անկախ աուդիտորական եզրակացություն, կկազմակերպվի ծրագրի պարբերական լուսաբանում:
Սիրելի հայրենակիցներ, նախորդ հինգ տարիների ընթացքում մեզ հաջողվեց համայն հայության ջանքերով կառուցել Զինվորի տունը: Այն դարձավ միասնականության, հավատի և հույսի խորհրդանիշ: Մեզ հաջողվեց հիմնել միջազգային չափանիշներին համապատասխան և մրցունակ վերականգողական կենտրոն, պրոթեզավորման կենտրոն, վիրաբուժական բաժանմունք: Առողջապահական, կրթական,սոցիալական ծրագրեր իրականացվեցին 5000- ից ավելի զինվորական հաշմանդամների համար:
Մենք վստահ ենք, որ միասին կարող ենք Հայաստանը արևշատ դարձնել՝ մեր ազգի լավագույնների՝ հայրենիքի պաշտպանների համար: